Главная
Регистрация
Вход

ՀԱՎԱՏԱՄՔ


ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԼՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՑԱԽՈՒՅԶ
ԳՆԱՀԱՏԵՔ ԻՄ ԿԱՅՔԸ
Всего ответов: 10
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 ԳԼԽԱՎՈՐ ԷՋ 





ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐԻԴ ՆՈՐ ՏԱՐԻՆ



                                                                                       §¼Ç гõ³ïù Ó»ñ ÙÇ  Çó»Ý ÇÙ³ëïáõû³Ùµ Ù³ñ¹Ï³Ý,                    

                                                                                                                                                ³ÛÉ ½ûñáõû³Ùµ ²ëïáõÍáÛ¦: [² Îáñ. ´ 5] 

ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՒԱՏՈՅ


Ամէն բանից վեր եւ ամէն բանից առաջ1: Հաւատում ենք Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու Ամենասուրբ Երրորգութեանը եւ Մէկ Աստուա­ծութեանը, որ միակ եւ կատարեալ բարին է, անճառելի էութիւնը, անժամանակ գոյութիւնը եւ անփոփոխելի իսկութիւնը, արարիչը եւ կեցուցիչը երեւելիների եւ աներեւոյթների2: Մէկ է Ամենասուրբ Եր­րորդութեան բնութիւնը, տէրութիւնը, զօրութիւնը եւ կամքը Երեք Աստուածային Անձերով անբաժանաբար եւ անիմանալիօրէն առատացած3:

Լի է եւ կատարեալ, <<որ ամէն ինչ լցնում է ամէն ինչի մէջ>> [Եփես. Ա. 23], եւ Ինքը չի թերանում, որ ոչ նորոգւում է եւ ոչ հնանում, ոչ լցւում է եւ ոչ պակասում, որ նոյնն է միշտ Իր լիու­թեան եւ անբաւութեան մէջ: Եւ այլ տեղից չկայ օտարամուտ կամ յաւելուած բան Երրեակ Աստուածութեան անհաս, անբաւ, անսահման եւ ամենակատար բնութեան մէջ4:

Հայրն անժամանակ պատճառն է Որդու ծննդեամբ եւ Սուրբ Հո­գու բխմամբ5: Սակայն Ամենասուրբ Երրորդութեան մէջ չկայ մեծու­թիւն կամ փոքրութիւն, խոնարհութիւն կամ բարձրութիւն6, այլ մէկ անբաժանելի Աստուածութիւն եւ Զօրութիւն` Երեք Անձերի զուգա­փառ, հաւասարապատիւ եւ անշփոթ միութեամբ առանց առաւելու­թեան, գերազանցութեան կամ ենթակայութեան: Բոլոր կողմերից որպէս երկնային մէկ գեղեցկութիւն եւ Երեք անբաւների մեծութեան անբաւ բնակցութիւն. Աստուած` Իւրաքանչիւրն ըստ Իրեն եւ Իր առանձնաւորութեամբ, որպէս Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի7:

Եւ չկայ այլ Արարիչ, բայց միայն` Ամենասուրբ Երրորգութիւնը եւ ամենազօր Տէրութիւնը, որ Իր ամենաբարի կամքով, արարչական զօրութեամբ եւ անհաս իմաստութեամբ արարեց բոլոր արարածներին ոչնչից եւ անգոյութիւնից: Որ նստում է երկինքների երկնքում եւ խնամում բոլոր արարածներին, որ կանխատես գիտութեամբ եւ անբաւ իմաստութեամբ մատակարարում է երկնաւորներին եւ երկրաւորներին, կեանք է ու կեցուցիչ բոլորի hամար եւ ամէն ինչում անբաւ, անհաս եւ անճառ8:

Որ արարեց մարդուն Իր պատկերով եւ նմանութեամբ որպէս թագ եւ պսակ ողջ արարչութեան` շնորհելով նրան Իր հետ լինելու եւ Իր անճառելի խորհուրդներին հաղորդակից եւ մասնակից լինելու կա­տարեալ երանութիւնը: Որ պատուիրանազանցութեամբ Իրենից հեռա­ցած մարդկութեանը չզրկեց Իր արարչական խնամքից, չլքեց մահուան ստուերում եւ երկրաւոր կեանքի տրտմութիւնների մէջ` խոստանալով փրկել մարդուն եւ ազատել մեղքի ու մահուան իշխանութիւնից9:

Ժամանակների լրումին Աստուած բացեց Իր անհամեմատ սիրոյ եւ անհուն ողորմութեան դռները եւ այս ընկած աշխարհում ծագեց­րեց Իր փրկութեան լոյսը: Մէկը Սուրբ Երրորդութիւնից` Աստուծոյ Միածին Որդին նախայաւիտեան Բանը, մեր փրկութեան համար խոնարհուեց Իր Աստուածութեան անհասանելիութիւնից եւ Սուրբ Հո­գով կատարելապէս մարդացաւ Ս. Կոյս Մարիամից10: Ոչ թէ նախ ստեղ­ծեց մարդուն եւ ապա բնակուեց նրա մէջ` որպէս տաճարի, այլ Ինքը` Բանը, ճշմարտապէս մարդ եղաւ, այսինքն` Իրեն միացրեց մարդկային կատարեալ բնութիւն մտքով, հոգով եւ մարմնով11: Ոչ թէ Բանը փոխարկուեց մարմնի, կամ մարմինը Աստուածութեան, ոչ թէ աստուա­ծայինը կամ մարդկայինը միաւորուելիս բնութեամբ փոփոխուեցին կամ այլայլուեցին կամ շփոթուեցին, այլ կատարեալ  Աստուած Իրեն միաւորեց անթերի մարդկութիւն առանց փոփոխութեան, առանց այլայ­լութեան, առանց շփոթութեան. Այսինքն` Աստուած մնաց Աստուած, եւ մարդը մարդ12: Երկու կատարեալները եղան մէկ կատարեալ` նոր եւ սքանչելի միութեամբ13: Յղութեան պահից Աստուածութիւնը եւ մարդկութիւնը անբաժանելիօրէն միաւորուած են մէկ Տէր Յիսուս Քրիս­տոսի մէջ, եւ Բանի մարդեղութեան փրկագործ տնօրէնութեան մէջ սուրբ Յղութիւնից սկսած որեւէ գործի մասին չի կարելի խօսել որպէս սոսկ աստուածայինի կամ սոսկ մարդկայինի14: Քրիստոսի մէջ աստուածմարդկային միութիւնը ոչ թէ բնութիւնների յարակցութիւն կամ կապակցութիւն կամ վերաբերութիւն է, այլ էական, գոյաբանա­կան եւ բնութենական միութիւն, որի մէջ հնարաւոր չէ ներմուծել որեւէ բաժանում կամ լուծարում15: Աստուածայինը եւ մարդկայինը անձով, բնութեամբ, կամքով եւ ներգործութեամբ անբաժանելիօրէն միաւորուած են մէկ Տէր Յիսուս Քրիստոսի մէջ: Ուստի մէկ է մարդա­ցած Բանն Աստուծոյ անձը, բնութիւնը, կամքը եւ ներգործութիւնը, եւ մերժելի են մեր փրկութեան իսկութիւնը սասանող որեւէ բաժանու­թիւն կամ երկւութիւն մեր Տէր Յիսուս Քրիստոսի մէջ: Միութեան մէջ պէտք չէ ուրանալ իւրաքանչիւրի կատարելութիւնը, ոչ էլ իւրա­քանչիւրի կատարելութեան պատճառով հրաժարուել մէկ կատարելութիւնից` միութիւն խոստովանելով անայլայլութեան մէջ եւ անայլայ­լութիւն` միութեան մէջ: Ուրեմն մէկ բնութիւն եւ մէկ դէմք ունի Քրիս­տոս ոչ թէ ըստ բնութեան նոյնութեան կամ ըստ մէկանձնականութեան, քանզի այս երկուսը միասին գրեթէ զրկում են Աստծուն մարդանալուց եւ մարդուն աստուածանալուց, այլ ըստ Բանի` Իր մարմնի հետ անճառ միաւորութեան17: Աշխարհի որեւէ օրինակով հնարաւոր չէ հասկանալ, նկարագրել կամ բացատրել Աստուծոյ մարդեղութեան անհուն խորհուրդը, որը հաւատքի խորհուրդ է եւ դաւանական ճշմարտութիւն. ուստի խուսափելով Բանի ներմարդութիւնը մարդկային մտքով ընկալելու գայթակղութիւնից` հաւատում ենք, որ Բանն Աստուած անճառաբար, անպարիմանալիօրէն, մտքի համար անհասու­թեամբ, ինչպէս որ Ինքը գիտի, մարդացաւ Իրենից օտարացած` մարդկութեանը փրկագործելու համար18:

Նա, որ համագոյակից էր Հօրն ըստ Աստուածութեան, համագոյակից դարձաւ մեզ ըստ մարդկութեան, դարձաւ ճշմարիտ եւ կատա­րեալ մարդ ամէն ինչում նման մեզ, բացի մեղքից: Քրիստոս փրկա­կան տնօրինութեամբ կրեց բոլոր մարդկային տկարութիւնները, ազա­տօրէն անցաւ մարդկային կբքերի միջով` դատապարտելով դրանց մէջ մեղքի թթխմորը եւ ազատագրելով մեզ մեղքի դատապարտուածութիւնից: Հետեւաբար տնօրինական գործեր են ոչ միայն աստուածավայելուչ հրաշքները` ջրի վրայով քայլելը, մեռելներին յարութիւն տա­լը, հացի բազմացումը եւն, այլ նաեւ` մարդավայելուչ տկարութիւնները` ծարաւը, յոգնութիւնը, արտասուելը եւն: Երբ Տէրն աստուածային հրաշք էր գործում, գործում էր որպէս Աստուած եւ մարդ, որպէսզի մարդը նոյնպէս կարողանայ աստուածային գործերին մասնակից դառ­նալ, իսկ երբ մարդկային տկարութիւնների միջով էր անցնում, ապա անցնում էր ոչ թէ դատապարտուածութեամբ սովորական մարդկանց պէս, այլ որպէս Աստուած եւ մարդ, որպէս հզօր եւ ազատարար, եւ ազատում էր մեզ չարի կապանքներից: Քրիստոսի երկրաւոր կեանքի ամէն մի պահ, սկսած սուրբ Ցղոլթիւնից մինչեւ հրաշափառ Յարու­թիւն, փրկական տնտեսութիւն է եւ զերծ է պատահականութիւններց19:

Քրիստոս կամաւորապէս կամ անապականաբար, ոչ ի հարկէ կամ բնութեան բռնադատուածութեամբ կրեց բոլոր մարդկային ան­մեղ կամ անպարսաւ կրքերը20: Բանն Աստուած ոչ թէ առաւ Ադամի նախաստեղծ բնութիւնը, այլ մեր ապականացու բնութիւեը21` ապա­կանակիր մարմինը եւ մեղանչական հոգին ու միտքն, եւ միաւորելով Իրեն, զատեց ապականութիւնը մարմնից եւ մեղքը հոգուց ու մտքից: Ուստի խոստովանում ենք, որ տէրունական մարմինն անապական է ոչ թէ ըստ բնութեան, այլ ըստ անճառ միաւորութեան: Նոյնպէս խոստո­վանում ենք, որ Քրիստոսի մարմինն ըստ բնութեան չարչարելի է եւ մահկանացու, սակայն ըստ միաւորութեան տնօրէնութեան անչարչա­րելի եւ անմահ22:

Խոստովանում ենք, որ Քրիստոս Նոր Ադամը, աշխարհ եկաւ, որպէսզի բոլորին կեանք տայ եւ նորոգի մարդկութիւնը, որ հին Ադա­մով դատապարտուած էր ապականութեան, մեղքի եւ մահուան: Նա, որ անբովանդակելի եւ անժամանակ էր բնութեամբ, Իր տեսչութեամբ եւ Հօր կամքով մտաւ աշխարհի չափաւորութեան եւ ժամանակի մէջ իբրեւ մէկը աշխարհից, որ փրկի նրանց, որոնք աշխարհում էին, եւ որ չարի խաբէութեան պատրանքներով բռնադատուածները Քրիստոսի միջոցով գան առ Հայր Աստուած23: ՙՔանզի ինչ որ անհնար էր օրէնքի համար, որը տկարանում էր մարմնի պատճառով, Աստուած առա­քեց Իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ ու մեղքի համար եւ մարմնի մէջ դատապարտեց մեղքը՚ [Հռոմ. Ը. 3]: Ի լրումն այսր ամենայնի Ինքը մեր խոստովանութեան Առաքեալը եւ Քահանայապետը մեր Տէր Յիսուս Քրիստոս, Իրեն հաշտութեան պատարագ մա­տուցեց Հայր Աստծուն, որպէսզի Իր արեամբ գնի բոլորին ողջերին եւ մեռեալներին [Եբր. Թ. 14, 28]24: Նա, որ Կենդանի է եւ Կենդանարար, բոլորի համար խաչուեց եւ ճաշակեց մահը, Աստուածութեան հետ միաւորուած մարմնով դրուեց գերեզմանի մէջ եւ Աստուածութիւնից անբաժան հոգով իջաւ դժոխք, քարոզեց չարից բանտարգելուած հո­գիներին, ցոյց տուեց փրկութեան նորոգումն ու լոյսը, աւերեց դժոխքը եւ ազատեց Հոգիներին, ապա երրորդ օրը Իր Հրաշափառ յարութեամբ անդրանիկը եղաւ մեռելներից25:

Հաւատում ենք, որ մեր Տէր Յիսուս Քրիստոս նոյն մարմնով աստուածապէս Համբարձուեց երկինքների երկինք, նստեց Իր յաւիտե­նական փառքի աթոռի վրայ Հօր աջ կողմում, Որից միշտ անբաժանե­լի էր Իր Աստուածութեամբ: Գալու է նոյն մարմնով եւ Հօր փառքով` բոլորին արդարապէս դատելու եւ Հատուցելու26:

Հաւատում ենք Սուրբ Հոգուն` Հօր եւ Որդու Համագոյակցին եւ արարչակցին, որ անպարագիր զօրութեամբ շրջեց ջրերի վրայ եւ կեն­դանածնեց բոլոր արարածներին27, որ խօսեց Օրէնքում, Մարգարէնե­րում եւ Աւետարաններում, աղաւնակերպ իջաւ Յորդանան` փառաւորելու Իր էակցին, Հրաշափայլեց տէրունական փրկագործ տնօրինու­թիւեների մէջ, Միածնի փչմամբ տպաւորուեց առաքեալների մէջ, ապա Տիրոջ յարութեան յիսուներորդ օրը հրէ լեզուների տեսքով տնօրինա­բար իջաւ առաքեալների վրայ եւ Իր անճառելի ու անբաւելի ներկայութեամբ լցրեց Բանի մարդեղութեամբ փրկագնուած արարչութիւնը: Քարոզեց առաքեալների բերանով, Իր աստուածային գիտութեամբ եւ հանճարով պայծառացրեց վարդապետներին, բնակուեց սուրբերի մէջ28:

Հաւատում ենք միայն մէկ Ընդհանրական եւ Առաքելական Աուրբ Եկեղեցու, որ Քրիստոսի խորհրդական մարմինն է [Եփես. Ա. 23, Կող. Ա. 24] եւ Նրա կենդանի թագաւորոլթիւնը երկնքում եւ երկրի վրայ [Ղուկ. Ա. 33, Յովհ. ԺԸ. 36, Յայտ. Ի. 1-6], որի գլուխը Ինքը Քրիստոսն է [Եփես. Ե. 23, Կողոս. Ա. 18], հիմքը` ուղղափառ հաւատքի դաւանութիւնը [Մատթ. ԺԶ. 16-19], իսկ անդամները [Ա.Կոր. Զ. 15, Եփես. Ե. 30] եւ քարերը Աստծուն Հոգով եւ ճշմարտութեամբ դաւանողները [Յովհ. Դ. 23-24, Ա.Պետր. Բ 4-10]: Հաւատում ենք Եկեղեցու սրբազան խորհուրդներին, մեռելների յարութեանը, գործերի հատուցմանը եւ յաւի­տենական կեանքին:

Այս ամէնը գրեցինք` հետեւելով մեր հայրերին եւ հաւատքի ուսու­ցիչներին, որոնց միջոցով որպէս պատուհանով, ծագել է Ամենասուրբ Երրորդութեան հաւատքի գիտութեան ճշմարիտ լոյսը: Աստուած Ինքն է յայտնել Իրեն. Հայրը` Որդուն եւ Հոգուն, Որդին` Հօրը եւ Հոգուն, եւ Հոգին` Որդուն եւ Հօրը: Եւ Երրեակ Աստուածութեան կենսաբեր հա­ւատքով ենք ապրում, շարժւում եւ կանք [Գործք Ժէ. 28] յուսալով արժանանալ Հոգիների փրկութեանը եւ յաւիտենական կեանքին.

 

1.Ս.  Գրիգոր Աստուածաբան, Յերախայից վարդապետութիւն, ԿՀ, էջ 34
2.Յաճախապատում, էջ 9-10
3.Սարկաւագ, Ա I 2
4.Յաճախապատում, էջ 9-10
5.Յաճախապատում, էջ 9. Սարկաւագ, Ա I 4, Արեւելցի, II 1
6. Յովհան Մայրավանեցի (Մայրագոմեցի), ԿՀ, էջ 52, Շնորհալի, էջ 88, Արեւելցի, II 2
7. 1.Ս.  Գրիգոր Աստուածաբան, Յերախայից վարդապետութիւն, ԿՀ, էջ 35
8.Յաճախապատում, էջ 10. Արեւելցի, III 19
9. Արեւելցի III 3-13
10. Արեւելցի III15-16
11.Սարկաւագ, Ա V 3, Արեւելցի III19
12.Ս. Կիւրեղ Աղեքսանդրացի, Առ Սեկունդոս,  ԳՊ, էջ 200-201, Սարկաւագ, Ա V3, Ա VI 1, Շնորհաի, էջ 124-125, Օրբելեան, էջ 8-9
13.Ս. Գրիգոր Աստուածաբան (տե՜ս Օրբելեան, էջ 10)
14.Սարկաւագ, Ա XI 3-12
15.Սարկաւագ, է I 2, ժ II 2, Է I 9*
16.Խոսրովիկ  Թարգմանիչ,  էջ  34 (նոյն  հատուածը  տես   Նշեցի,  31ա),  Թուղթ Սահակայ...,  ԳԹ, էշ 535-539
17.Օձնեցի, էջ 51-52
18.Աթանաս, էջ 59, ս. Կիւրեղ Աղեքսանդրացի, ԳՊ, էշ 29-30, Ցովհան Մայրավանցի, ԿՀ էջ 143, Սարկաւագ, Ա V 4, Ա VIII 2, Ա IX 2, Խոսրովիկ Թարգմանիչ, էջ 43-46, Ստեփանոս Սիւնեցի, ԳԹ, էջ 445, Աամուէլ Կամրջաձորեցի, ԳԹ, էջ 566, Օրբելեան, էջ 10
19.Յովհան Մայրավանեցի, ԿՀ, էջ 143-146, 363-364, Սարկաւագ, Ա VII 7-25, Խոսրովիկ Թարգմանիչ, էջ 57-61, 129-133, Սասնեցի, Ե, էջ 56-63
20.Մանազկերտի ժողովի նզովք Ը, ժ, ՙԳանձասար՚, Բ, էջ 120
21.Մանազկերտի ժողովի նզովք Գ, ՙԳանձասար՚, Բ, էջ 119, Թուղթ վարդապետացն Հայոց հիւսիսային կողմանցն, որ ի Հաղբատ եւ Սանահին, առ պատուական կաթողիկոսն տէր  Գրիգորիս, Շնորհալի, էջ 310-311
22.Ս. Բարսեղ Կեսարացի, Ընդդէմ Ապողինարի, ԿՀ, էջ 86-87, Մանազկերտի ժողովի նզովք Է, ՙԳանձասար՚, Բ, էջ 120
23.Ս. Կիւրեղ Աղեքսանդրացի, Յորժամ միւսանգամ ածցէ զանդրանիկն աշխարհ, ԿՀ, էջ 160-161
24.Ս. Կիւրեղ Աղեքսանդրացի, Նզովք ժ,  ԿՀ, էջ 239
25.Ս. Կիւրեղ Աղեքսանդրացի, Նզովք ԺԲ, ԿՀ, էէ 241, Խոսրովիկ Թարգմանիչ, էջ 64-65. Նարեկացի ԼԴ էջ 387
26.Հաւատոյ Հանգանակ, Նարեկացի ԼԴ, էջ 387-388, Արեւելցի IV 52
27. Նարեկացի ԼԳ, էջ 382
28. ՑովՀան Մայրավանեցի, ԿՀ, էջ 55, Նարեկացի ԼԴ, էջ 388
29.Հաւատոյ Հանգանակ
30.Հաւատոյ Հանգանակ
31. Արեւելցի II 4-5

 Աղբիւրներ

 

Սրբոյ Հօրն մերոյ  Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում ճառք եւ աղօթք,
Ս.Ղազար, 1954 (=Յաճախապատում) Ա. Աթանաս Աղեքսանդրացի, ճառք, թուղթք եւ ընդդիմասացութիւնք, Վենետիկ, 1899 (= Աթանաս)
Ս. Կիւրեղ Աղեքսանդրացի, Գիրք  Պարապմանց, Կ. Պոլիս, 1717թ. (=ԳՊ)
Տիմոթէոս Կուզ, Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեգովնի, Ս. Էջմիածին, 1908 թ. ի Տիմոթէոս  Կուզ)
ՙԿնիք Հաւատոյ՚, Ս. Էջմիածին, 1914 (= ԿՀ)
ՙԳիրք Թղթոց՚, Թիֆլիս, 1901 (=  ԳԹ)
Յովհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ մատենագրութիւնք, Վենետիկ, 1833 (=Օձնեցի)
Խոսրովիկ Թարգմանիչ (աշխատ. Գարեգին վարդապետ Յովսէփեան), Վաղարշապատ, 1899 (= Խոսրովիկ Թարգմանիչ)
Ս. Գրիգոր Նարեկացի, Մատեան Ողբերգութեան, Երեւան, 1985 թ. (= Նարե­կացի)
Անանիա Սանահնեցի, ՙԳանձասար՚ Ա-Գ (=Սանահնեցի)
ՅովՀաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի Հաւատոյ նիկիականն ՅԺԸ-իցն, Վենետիկ Ν 504 (=Սարկաւագ. Ա գլուխը Հրատ. ՙԳանձասարի՚ Զ Հատորում, իսկ Ե, Զ, Է, Ժ, ԺԱ գլուխները` սոյն Հատորում)
Պօղոս Տարօնացի, Ընդդէմ Հերձուածողաց, ՄՄ Ν 6907 (= Տարօնացի, Հրատ, սոյն Հատորում)
Ս. Ներսէս Շնորհալի, Ընդհանրական թուղթք, Երուսաղէմ, 1871 (=Շնորհալի)
Մխիթար Գոշ, Թուղթ առ վրացիսն, ՙԳանձասար՚ Զ (=Մխիթար Գոշ) Վարդան  Արեւելցի, Դաւանութիւն Հաւատոյ, (=Արեւելցի, Հրատ, սոյն Հա­տորում)
Մխիթար Սասնեցի, MXIT'AR SASNEC’I’S Theological Discourses, edited by S. Peter Cowe, Lovanii, 1993 (= Սասնեցի)
Կիրակոս Երզնկացի, Թուղթ առ կարնեցիս, ՙԳանձասար՚ Զ, Թուղթ առ ուղղափառ հաւատացեալսն, ՄՄ N 2542 (= Կիրակոս Երզնկացի)
Ատեփանոս Օրբելեան, Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց, Կ. Պօլիս, 1756 (= Օրբելեան)
Եսայի Նշեցի, Դաւանութիւն ել խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւնն` ասացեալ Եսայի Վարդապետի ի յԵզր Վիրապին ի հաստատութիւն ուղղափառաց եւ ի յանդիմանութիւն չարափառաց, ՄՄ N 614 (=Եսայի Նշեցի)
Ս.Յովհան Որոտնեցի, Դաւանութիւն հաւատոյ, ՄՄ N 557 (= Որոտնեցի)
Ս.Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729 (=ԳՀ)
Հաւատոյ հանգանակ, Աղօթագիրք, Վէմ, Երեւան 2000, էջ 232-235 (=Հաւա­տոյ հանգանակ)

ՎԵՐՑՎԱԾ Է <<ԳԱՆՁԱՍԱՐ>> ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻՑ
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՄԱՅԻՍ 2024  »
Բշ.Գշ.Դշ.Եշ.Ուր.Շբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
ԺԱՄԱՑՈՒՅՑ
ՄՈՒՏՔԻ ԵՂԱՆԱԿԸ

Copyright MyCorp © 2024